Ի՞նչ կարող ես տեսնել

Չնայած փոքր տարածք զբաղեցնելուն`Գարգառ գյուղն աչքի է ընկնում տեսարժան վայրերի բազմազանությամբ: Այդ վայրերից են Լճերը, ուր հնարավոր է հասնել` գյուղի կենտրոնից 15-20 րոպե քայլելով: Մոտավորապես նույնքան ժամանակ կպահանջվի գյուղի երեք սրբատեղիներ (ուխտատեղի)` Սուբնիշան, Ամենափրկիչ և Յամաջ հասնելու համար: Իսկ ավտոմեքենայով ճամփորդելու դեպքում կարող եք հայտնվել գյուղից քսան րոպե հեռավորության վրա գտնվող հիասքանչ Դենդրոպարկում:

Գարգառի տեսարժան վայրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտբել ստորև ներկայացված նյութում:

 

Լճեր

Առանձնակի գեղեցիկ են Գարգառի երեք արհեստական լճերը, որոնք ստեղծվել են 2001թ. գյուղապետ Կարեն Զալինյանի ջանքերով: Լճերը գտնվում են Գարգառի հարավարևմտյան ծայրամասում և ներկայանում են որպես յուրահատուկ հանգստյան գոտի: Գյուղի բնակիչները սիրում են իրենց տոներն ու ազատ ժամանակը անցկացնել Լճերի ափին: Գարգառցիներն այստեղ զբաղվում են նաև ձկնաբուծությամբ:

Դենդրոպարկ

Դենդրոպարկը կամ, այլ կերպ ասած, բուսաբանական այգին հիմնադրել է Էդմոն Լեոնովիչը 1931թ.: Մինչև 1984թ. նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն, որից հետո այդ պաշտոնը ստանձնել է իր որդին: 1998թ. տարածքը ճանաչվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այգու 17.5 հա բնական անտառ է, իսկ 15 հա` զարդանախշերով ծառեր: Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից, մասնավորապես` Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հեռավոր արևելքից և այլն: Բազմաթիվ բուսատեսականեր են բերվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս Դենդրոպարկում ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ: Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա. դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է: Այգին մի հիասքանչ վայր է, որն իր գեղեցիկ բնությամբ, մաքուր, առողջարար օդով ու թռչունների երգով նորանոր այցելուներ է ձեռք բերում: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու բնավ չձանձրանալ:


Փուռ (Հացավան)

Գարգառը հայտնի է իր յուրահատուկ հացով, որը տարբերվում է հայաստանյան մյուս բոլոր հացերից: Գաղտնիքը պատրաստման եղանակի մեջ է. այստեղ հացը պատրաստում են ոչ թե գազօջախի վրա, այլ վառարանում: Փուռը գտնվում է Հացավան թաղամասում, որի անունն էլ իր հերթին հետաքրքիր մի պատմություն ունի: Ասում են, որ ժամանակին այստեղ ապրել է մի կին, ով բոլոր նորապսակներին հաց է բաժանել՝ ի նշան երջանիկ ամուսնության: Նաև պատմում են, որ թաղամասի բոլոր աղջիկներին թոնրից հանած տաք հաց են նվիրել, որպեսզի նրանք գտնեն իրենց կյանքի երկրորդ կեսին ու համերաշխ ապրեն: Այսպես է ծագել թաղամասի անվանումը`Հացավան, և պատահական չէ, որ փուռը գտնվում է հենց այստեղ: Անցնելով այս թաղամասով`կարող եք տեսնել գյուղի` հաց վաճառող տատիկներին, և, ինչու ոչ, նաև ճաշակել Գարգառի անուշաբույր հացը:

Այստեղ զգում ես արվեստի շունչը

Գարգառի` արտաքինից ամենասովորական թվացող տներից մեկի ներսում ականատես ես լինում մի արտասովոր տեսարանի: Տանտիկին Ստելլա Մելիքյանը դեռ մանկուց է սիրել զբաղվել նկարչությամբ, իսկ այսօր նրա տունը վերածվել է մի իսկական դրախտի: Միահյուսելով իրականությունն իր վառ երևակայության հետ` այս կինը իր տան պատերի վրա իրեն ընկերակցած վրձնով ու ջրաներկով ստանում է հրաշալի պատկերներ: Այսօր Ստելլան կարող է հրաշքի վերածել ամենատարբեր վիճակներում գտնվող ցանկացած պատ:Թեև այս տան գրեթե բոլոր պատերն արդեն զբաղված են, Ստելլան նշում է, որ մեծ է մշտապես մի նոր բան ստեղծելու իր ցանկությունը:

Փորձադաշտ

Փորձադաշտն իրենից ներկայացնում է 1 հա զբաղեցնող տարածք: Այն ստեղծվել է 2000թ.: 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո մինչև փորձադաշտի վերածվելը տարածքը գործել է որպես շինանյութերի պահեստամաս: Փորձադաշտն իր ստեղծման օրվանից մինչ օրս խնամում ու տնօրինում են գյուղի բնակիչները` Ֆրունզիկ Զալինյանի գլխավորությամբ: Այստեղ այցելուն կարող է գտնել ոչ միայն Գարգառին հատուկ համեղ վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, այլև ոչ ավանդական մշակաբույսեր, մասնավորապես` սիսեռի, անիսոնի, կորոլաբիի, բրոկոլիի, պատիսոնի, ֆիզալիսի, ծնեփակի, արմատային նեխուրի, արտիշոկի  տեսականի:

Յամաջի խաչը

Խաչի տեղադրում

Երկաթակուռ խաչը դրվեց Յամաջ լեռան գագաթին,
Եվ Յամաջս Աստծո կողմից այսօր դառձավ թագադիր:
Իր վեհ տեսքով, Աստծո խաչով կպահպանի դարեդար
Քո անդորրը ու հանգիստը Աստվածապաշտ իմ Գարգառ:

Վալերիկ Ճշմարիտյան

 

 

Ուխտատեղիներ

 

Ամենափրկիչ

19-րդ դարի պատերազմական մի շարք գործողությունների ժամանակ` հակառակորդից փախչելիս, գյուղացիների մի մեծ խումբ թաքնվել է փոքրիկ մի խրճիթում և ներսից դուռը փակել: Հակառակորդը, ինչքան էլ որ ջանացել է, չի կարողացել այն տապալել: Արդյունքում գյուղացիները փրկվել են: Այս դեպքից հետո վերոհիշյալ տեղանքը վերածվել է ուխտատեղիի, որին անվանել են Ամենափրկիչ: Ասում են՝ այս ուխտատեղիում պահած երազանքդ անպայման ի կատար է ածվում:

Յամաջ

Վերջինս շատ մեծ նշանակություն ունի գարգառցիների համար, քանի որ սա գյուղի հնագույն ուխտատեղին է: Ըստ ավանդության` դեռ վաղուց սարի գլխին ուխտատեղի է եղել, որի խաչքարը մի օր գյուղի անհավատներից մեկը գետնին է տապալել: Այս դեպքից որոշ ժամանակ անց Մելո Նազարյանը` անհավանական մեծ ուժ ու հավատ ունեցող այդ մարդը, իր մեջքին դնելով ծանր քարը, բարձրացրել է այն սարի գագաթը և կրկին կյանքի կոչել ուխտատեղին:

Սուրբ Նշան /Սուբնիշան/

Ասում են, որ մի ժամանակ գյուղի այս վայրերով ուխտավորներ են անցնելիս եղել, նստել են ճանապարհին հանգստանալու ու հետո շարունակել իրենց ճանապարհը: Նրանցից մեկը մի գիշեր երազ է տեսնում, թե իբրև այդ նույն վայրում լույս, սուրբ նշան է իջնում երկնքից: Ուխտավորները վերադառնում են այդ վայրը և ուխտավայր կառուցում` «Սուրբ Նշան» անունով: Այստեղից էլ եկել է այդ ուխտատեղիի անվանումը՝ Սուբնիշան: