Պուշկինի տունը

Մի պատմություն, որի հավաստիությունը ճշտել հնարավոր չէ, բայց համաձայն մի շարք գյուղացիների պատմությունների` այս գյուղում է գտնվում այն տունը, որտեղ այցելությունների ժամանակ բնակվել է Ալեքսանդր Պուշկինը։ Այդ տունն այժմ ավերակ վիճակում է։ Գյուղապետ Կարեն Զալինյանը պատմում է, որ Պուշկինի ծննդյան օրը հարևան Պուշկինո գյուղը դառնում է մեծ թվով մարդկանց այցելությունների կենտրոն, իսկ այս տարածքն անգամ հայտնի չէ մարդկանց։

Հացաթաղ

Հացաթաղի գլխավոր առանձնահատկություններից մեկի մասին արդեն վկայում է իր անվանումը: Այստեղ գրեթե բոլոր ընտանիքներում թխում և վաճառում են հաց, մասնավորապես` մատնաքաշ և դրանք վաճառում են: Հետաքրքրական է, որ բոլոր տների դիմաց դրված է աթոռ, իսկ աթոռի վրա հաց՝ որպես այդ փաստը վկայող խորհրդանիշ: Ի դեպ, հաց թխելու սովորույթը, ըստ տեղի բնակիչների, սկիզբ է առել 90-ականներին:

Սուբնիշան

Գարգառ Գյուղում կան մի քանի թաղամասեր՝ Սուբնիշան, Հացաթաղ, Գողաշեն, Կրախտին, Յամաջ: Սուբնիշանը Գարգառ գյուղի թաղամասերից մեկն է, որի անվան հետ կապված է հետևյալ պատմությունը. «Մի խումբ ուխտավորներ այցելում են այս վայր: Սուբնիշանի տարածքում հանգստանում են, հաց են ուտում: Հետո շարունակում են իրենց ուխտագնացությունը: Այդ գիշեր երազ են տեսնում, իբրև թե այդ նույն վայրում լույս` սուրբ նշան  է իջնում երկնքից: Ուխտավորները վերադառնում են այդտեղ և ուխտավայր կառուցում`<< Սուրբ Նշան>> անվանումով: Այստեղից էլ եկել է այդ ուխտատեղիի անվանումը` Սուբնիշան: Հետագայում` Սովետական միության ժամանակաշրջանում, այս տարածքում մարդկանց հողատարածք են տրամարդրել, բայց բոլորը հրաժարվել են այն օգտագործել, քանի որ միշտ աստվածային խորհրդով օժտած տեղ են համարել` հրաժարվելով օգտագործել այդ վայրն առօրյա կարիքների համար:

Եղևնուտներ

Յամաջեցիները ցանկություն ունեն վերականգնել հին եղևնուտը և տնկել նորերը: Դեռևս Սովետական միության տարիներին բազմաթիվ եղևնիներ են տնկվել, բայց բնակիչները մտավախություն են ունեցել, թե ոչխարաբուծության համար արոտավայր հանդիսացող այդ տարածքները կարող են ոչնչացվել: Այդ պատճառով չեն հետևել տնկարկներին, և դրանք ժամանակի ընթացքում ամբողջովին ոչնչացվել են: Բնակիչները հիմա շատ են ափսոսում և երազում են, որ եղևնուտները վերականգնելու հնարավորության մասին: Իհարկե, ներկայումս կան անհատներ, որոնք զբաղվում են եղևնիների աճեցմամբ, բայց դա ավելի շատ սիրողական բնույթ է կրում: Բնակիչները կարծում են, որ պետական աջակցության դեպքում այդ աշխատանքը կարող է եկամտաբեր դառնալ:

Երկրորդ անուններ

Գարգառ գյուղում բոլորը երկրորդ անուն ունեն: Հաճախ գյուղում ընտանիքներին ճանաչել են հենց այդ անուններով (օրինակ` Բազազանց), որոնք հիմնականում տրվել են ընտանիքի մեծերին: Գյուղում նույնիսկ այդ մասին իրական պատմության վրա հիմնված մանրապատում կա. մեկը գնում է գյուղ և հյուրընկալվում իր բարեկամներից մեկի տանը: Շուտով նա պարզում է, որ բոլորը գյուղում իրենց երկրորդ՝ ծաղրական անուններն ունեն և հաճախ այդ անուններով են իրար դիմում: Այս մարդը մի օր դուրս է գալիս գյուղամեջ, թևերը խաչում, կանգնում ու սպասում, թե ով է իրեն «ավել» անուն տալու: Այդ պահին անցորդներից մեկը նկատում է նրան ու բարձրաձայն ասում. «Էս կու՞ժն էս ո՞վա»:

Գողաշենը

Գարգառ գյուղի հետաքրքիր թաղամասերից է նաև Գողաշենը: Այս անունը լսելիս միշտ տարբեր մտքեր են առաջանում, և ինքդ քեզ հարց ես տալիս, թե որտեղից է ծագել այս անվանումը: Բնակիչները պատմում են, որ ժամանակին այս թաղամասին կից եղել է սաղարթախիտ անտառ: Մարդիկ ապօրինի ծառահատում էին այդ անտառի ծառերը, իսկ քանի որ ամենահարմար ճանապարհը, որով կատարվում էր գողությունը, անցնում էր հենց այս թաղամասով, այն անվանեցին Գողաշեն:

Մելո պապը

Նազարյան Մելո պապը բնակվել է Յամաջ սարի ստորոտում: Նա Գարգառի այն բնակիչներից է, ով առանձնացել է իր հավատով, ով դժվարին իրավիճակներում միշտ դիմել է աստվածային խորհրդի օգնությանը: Նա բնակվել է Յամաջ սարի ստորոտում:  Մի անգամ տեսել է`ինչպես է սարի վրայից խաչքարը գլորվում է ներքև: Չնայած ծեր լինելուն` նա քարը շալակել է ու ստորոտից բարձրացրել է վերև: Քարը կպել է Մելոյի մեջքին, չի պոկվել: Մելո պապը օգնության է կանչել և մարդկանց օգնությամբ պոկել է քարը:

 Պատերազմում (Ֆրոնտում) զոհված բանաստեղծը

Պատերազմի ժամանակ Ուկրաինայում սպանվել է երիտասարդ գրող Սարգիս Զալինյանը, ով կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Գյուղի հնաբնակներից մեկը` Մարիետա Մովսիսյանը, պատմում է, որ եղբայրական գերեզման կառուցելու համար նրա մարմինը տեղափոխելիս գրպանից գտել են բանաստեղծությունների գրքույկ։ Երիտասարդ գրողը գրել է ինչպես մորը, այնպես էլ հայրենիքին նվիրված բանաստեղծություններ։ Հայրենի գյուղի մասին գրել է հետևյալ քառատողը.
Չէ՞ որ դու էլ, իմ գյուղակ, Հայրենասեր սիրտ ունես, Անհաղթանակ թե դառնամ տուն, Մի՞թե դու ինձ կընդունես։
Երիտասարդ գրողի` մորը նվիրված բանաստեղծությունները կարծես թե դարձյալ հայրենասիրական հղում ունեն։ Կգամ, մայրիկ ջան, քո գիրկն առհավետ, Միայն մեր մեծ հաղթանակի հետ։
Բայց ինչպես համագյուղացիներն են ափսոսանքով հիշում, երիտասարդ գրողն այդպես էլ չվերադարձավ։

Անուշ օպերա

Գարգառի Յամաջ թաղամասի բնակիչները շատ են կարևորում ու հպարտանում այն իրողությամբ, որ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի մոտիվների հիման վրա Արմեն Տիգրանյանի բեմադրած օպերայի էկրանավորումն իրականցնելիս, որը տեղի է ունեցել ոչ հեռավոր 1983թ.,կադրերում տեղ գտած տեսարանների որոշ մասը նկարահանվել է հենց Յամաջ սարի գողտրիկ բնության գրկում:

Գարգառցիների կոտորածը

Գյուղում կա մի տարածք, որը 1918 թվականից կոչվում է Ճլկութ հանդամաս, որովհետև ճանճ ու ճահուտ է այս տեղանքում: Մարդիկ հաճախ էին իրենց ընտանի կենդանիներին բերում այս հանդամասում արածեցնելու: Այս ժամանակաշրջանում թուրքական կողմն արդեն իր իշխանությունն էր հաստատել: Մի անգամ թուրքական հեռախոսալարերը տրորվում են արածող կենդանիների ոտքերի տակ, և թուրք զինվորները պարզում են, որ դրանք հենց այս տարածքում են կտրվել: Հենց այդ ժամանակ էլ այդտեղ ներկա բոլոր մարդկանց, ովքեր տարել էին իրենց կենդանիներին արածեցնելու, (հիմնականում մինչև 15 տարեկան տղաներ) գնդակահարում են: Մի քանիսը հասցնում են ձորերով փախչել:

Ու թաղեցին հերոսին

Գյուղացիներից մեկը պատմում է.
-Տատիկս ապրել է 99 տարի, մահացել է 1988 թվականին: Իր ապրած ժամանակաշրջանում գյուղում ամենատարեցը տատս էր: Մի անգամ գյուղ է այցելում մի երիտասարդ զույգ: Զույգը մտնում է կոլխոզի գրասենյակ ու պատմում, որ իրենց հորեղբայր Մամիկոն Գյունաշյանը, ով եղել է դաշնակցական զինվոր, մահացել և թաղվել է Գարգառ գյուղում: Մտածել են, որ գուցե այս հարցով դիմեն գյուղի ամենատարեց մարդուն, ով այդ ժամանակ իմ տատն էր՝ Կեկել Մուրադյանը: Տատս պատմում է, որ այդ ժամանակաշրջանում մեծերը թույլ չէին տալիս երիտասարդներին մասնակցել հուղարկավորություններին: Իսկ հայրս հիշում է, որ այդ ժամանակ ընդունված էր, որ զոհված զինվորներին թաղեն եկեղեցու բակում: Այդպիսի մի երգ էլ կա. «Ու թաղեցին հայ հերոսին քանդված ժամի պատի տակին»: Այս օրերին Մամիկոնի քույրը անկողնային հիվանդ է լինում, կանչում է հորեղբոր տղային, պատվիրում, որ իր եղբայր Մամիկոնի գերեզմանը գտնեն ու վերանորոգեն: Արդյունքում գտել են գերեզմանը եկեղեցու բակում, վերանորոգել: Մինչ այսօր ամեն օր այս գերեզմանին գյուղացիները թարմ ծաղկներ են դնում:

Սողոմոնաց տոհմ

Սարգսյանների տոհմին, ովքեր ունեցել են մեծ ցանքատարածություններ, գյուղում անվանել են Սողոմաց: Գյուղի հողերն այդքան էլ բերքատու չեն եղել: Երբ մի ուրիշ գյուղացի` Հեպի պապ, արածեցնեում էր անասուններին, պատահմամաբ կենդանիները մտնում են Սողոմաց ցանքատարածությունների մեջ: Սողոմը գալիս ու ծեծում է  Հեպի պապին: Հեպի պապն էլ չգիտեր` ում բողոքել: Գյուղում այդ ժամանակվանից կար մի սրբավայր, որը կոչվում է Ամենափրկիչ: Նա գնում է այս սրբավայր, դիմում է Աստծուն, որպեսզի նա պաշտպանի իրեն և Սողոմին իր արժանի պատիժը տա: Հաջորդ տարվա գարնանը ղաչաղները (սովետական կարգերից դժգոհ մարդիկ, ովքեր փախել էին լեռներում ու անտառներում ապրելու) Սողոմի տղաներին անտառում բռնում ու սպանում են: Հեպի պապն էլ ասում է. «Տեսնու՞մ եք՝ ես արդար մարդ եմ, իմ լացն ու աղոթքը երկինք հասան. Սողոմաց տղերքի հախից Աստված եկավ»:

Մարիետա Մովսիսյան

Մարիետա Մովսիսյան. «Բնությունն ինչ տալիս է, աստիճանաբար հետ է վերցնում»:78-ամյա Մարիետա Մովսիսյանը Գարգառ գյուղի հնաբնակներից է, ով ավելի քան 50 տարի ապրում է այստեղ։ Համագյուղացիները հաճախ նրան անվանում են «քայլող հանրագիտարան»։ Այս կենսուրախ կինը շուրջ հիսուն տարի աշխատել է գյուղի դպրոցում որպես տնօրեն և ուսուցչուհի։ Բայց կարծես թե անհաջողությունները չափից շատ են եղել նրա կյանքում։ Վաղ տարիքում մահացել են նրա ամուսինն ու երիտասարդ թոռը։ Սակայն, տիկին Մարիետան սիրում է հույսը և կյանքը։ Թեև երկու սիրելի մարդկանց կորուստը հուսահատեցնող է, բայց Մարիետա Մովսիսյանը շարունակում է ստեղծագործել իր առօրյայում, որը վերջին տարիներին արդեն աշակերտների հետ չէ անցնում, այլ սահմանափակվում է իր բակի մշակմամբ։ Տիկին Մարիետան պատմում է, որ երբեմն իրեն այցելում են տարբեր զբոսաշրջիկներ, ովքեր հաճախ ապշում են  այգում աճող մշակաբույսերի բազմազանությունից։

Քիր ու աղբոր դոշ

Գարգառ գյուղում է գտնվում նաև առեղծվածային պատմություն ունեցող «Քիր ու աղբոր դոշ» կոչվող տեղանքը, որի ծագումնաբանության հետ կապված երկու հիմնական վարկած գոյություն ունի: Ըստ առաջին վարկածի` գյուղացիները պատմում են, որ գյուղում որբ քույր ու եղբայր են եղել, որոնց օրերից մի օր իրենց խորթ մայրը ձմռան սառնամանիքին տանից դուրս է հանել, և երբ նրանք փորձել են ձմռան սաստիկ ցրտից պաշտպանվել՝ պատսպարվելով քարի հետևում, այնքան ձյուն է տեղացել, որ նրանք մնացել են ձյան տակ, ցրտահարվել ու մահացել: Ըստ երկրորդ վարկածի` լեզգիները ցանկացել են քրոջը տանել, իսկ եղբայրը մինչև վերջ պաշտպանել է նրան: Եվ երբ քույրը հասկացել է, որ նրանք չեն կարող ազատվել լեզգիների հետապնդումից, Աստծուն խնդրել է իրենց քար դարձնել: Այսօր Գարգառում կա այդ քարը, որը խորհրդանշում է քրոջ ու եղբոր մարմինները:

Ղափլանյան, Բալայան

Բնակիչները հաճելի հիշողություններ ունեն նաև հայ անվանի ռեժիսոր-բեմադրիչ, դերասան, Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղափլանյանի և հայ արձակագիր, լրագրող և թարգմանիչ Վիկտոր Բալայանի հետ կապված, ովքեր չնայած այն հանգամանքին, որ ծնվել են Գարգառ գյուղում, կրթություն ստանալու և հետագայում նաև աշխատանքի անցնելու պատճառով տեղափոխվել են Երևան: Այնուամենայնիվ, նրանք չեն կտրվել հայրենի գյուղից և հաճախակի այցելել են գյուղ` կազմակերպել հավաքներ, որին մասնակցել է գրեթե ողջ գյուղը: Գյուղացիները հաճույքով են հիշում, որ հավաքվում էին, նստում գերանի վրա և ունկնդրում ու ակնդրում Ղափլանյանի ու Բալայանի կողմից կազմակերպված ներկայացումները:
Յամաջ թաղամասի բնակիչներից մեկը պատմում է, որ Բալայանի տան բակում եղևնու մի ծառ կար, որի մոտ Բալայանը մի խաչքար էր պահում, բայց գյուղի բնակիչներից ոչ մեկը չգիտեր, թե ինչ պատմություն է Բալայանին կապում այդ խաչքարի հետ, և դա այդպես էլ առեղծված մնաց բոլորի համար:

Յամաջ

Յամաջը Գարգառի այն թաղամասերից է, որ կազմավորվել է գյուղի պատմության կերտման առաջին իսկ օրվանից: Թաղամասի անունն առաջացել է Գարգառի ամենահայտնի սարերից մեկի` Յամաջի անունից: Անվանակոչման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ թաղամասը գտնվում է անմիջապես Յամաջ սարի լանջին: Թաղամասի բնակիչները նշում են, որ այս սարը կարծես թե բոլոր սարերից առանձնացած լինի, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն թաղամասի բնակիչների համար թիկունք է հանդիսանում և պահպանում ամեն հնարավոր ու անհնար վտանգներից: Թաղամասը հայտնի է նաև սարի լանջին գտնվող եկեղեցիով, ուխտատեղիով և թաղամասին մոտ գտնվող մանր լճային տնտեսություններով: Քանի որ գյուղում արոտավայրի ամենահարմար տարածքը Յամաջ սարի կանաչ ու զարմանալիորեն հարուստ բուսականությունն է, թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ գյուղում մանր և խոշոր եղջերավորների թվաքանակի մեծ մասը բաժին է ընկնում այս թաղամասի բնակիչներին: