Ասատրյան Աննա Գրիգորի

 

Երաժշտագետ

 

Ծնվել է 1968-ի սեպտեմբերի 1-ին Երևանում բնիկ գարգառեցի , քիմիկոս Ջուլիետա Հայկի Ճշմարիտյանի ընտանիքում: 1987 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1992 թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը: 1991-2003 աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1997-2001 թթ սովորել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ՛՛Տիգրան Չուխաճյանի օպերաները՛՛ թեմայով:2002 թվականին ստեղծել է ,,Տիգրան Չուխաճյան,, հիմնադրամը, ընտրվել է հիմնադրամի գործադիր կոմիտեի նախագահ:

 

2003-ի  հունիսին եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, ընտրվել է ինստիտուտի գիտական խորհրդի անդամ: 2005-ի ապրիլին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն-գիտքարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր: 2006-ին լույս է տեսել Ա. Գ. Ասատրյանի ՛՛Արշակ Բ. հայոց անդրանիկ օպերան՛՛ մենագրությունը:

 

Բալայան Ռոզալիա

 

Սերգեյի

 

 

Քիմիկոս

 

Ծնվել է 1943-ի փետրվարի 9-ին Թբիլիսիում, Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղից սերող Բալայանների ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում, այնուհետև 1966-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի քիմիայի ֆակուլտետն ու աշխատանքի անցել ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանակաան քիմիայի ինստիտուտում: Զբաղվել է սիրտ-անոթային համակարգի վրա  ներգործող կենսաբանորեն ակտիվ միացությունների սինթեզման բնագավառի հարցերով:

 

Բալայանը քիմիական գիտությունների թեկնածու է, 28 տպագրված աշխատանքների հեղինակ, որոնցից երկուսն ունեն հեղինակային իրավունք, չորսը՝ պատենտ:

 

Դեմիրխանյան Գագիկ Գևորգի

 

 

Ֆիզիկոս

 

Ծնվել է 1953-ի հունիսի 28-ին Երևանում, գյառգյառեցի  Դեմիրխանյանների ճյուղավորված տոհմից սերող ընտանիքում: 1975-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1981-85-ին սովորել ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայում:

1987 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

1990-ից Գ.Գ. ԴԵմիրխանյանը Երևանի Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ է, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտություների ինստիտուտի պինդ մարմնային լազերների լաբորատորիայի ավագ գիտաշխատող:  2007թ  ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան:Ունի հրատարակված 90 գիտական և 8 մեթոդական աշխատանքներ: 2009թ-ին  ֆիզիկայի բնագավառում արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին։

 

 

Բեգլուեվ Հմայակ Ասատուրի

 

 

Պրոֆեսիոնալ հեղափոխական, տնտեսական աշխատող

 

Ծնվել է 1884-ի ապրիլի 28-ին Գյառ-գյառ գյուղում: 1900-ին ավարտել է Կարս քաղաքի ուսումնարանը: 1901-ին աշխատել է Թիֆլիսի Ադլիխանովի կաշվի գործարանում: 1912-ին գործադուլի ժամանակ ծանր վիրավորվել է: 1916-ին փախել է Թիֆլիս: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Թիֆլիսի բանվորական խորհրդի պատգամավոր: 1921-ին Հայաստանում մասնկցել է սովետական իշխանության ամրապնդման գործընթացին: 1922-1929 տնտեսական աշխատանքներ է տարել Լենինգրադում, 1929-1942-ին՝ Երևանում: Պարգևատրվել է Լենինի և ՛՛Աշխատանքային Կարմիր դրոշի՛՛ շքանշաններով:

 

 

Վախճանվել է 1965-ի ապրիլին Երևանում:

 

 

Ճշմարիտյան Կարեն Յուրիի

 

 

 

ՀՀ  Էկոնոմիկայի նախարար

 

Ծնվել է 1959-ի սեպտեմբերի 12-ին Երևանում, բնիկ գյառգյառեցի Յուրի Ճշմարիտյանի ընտանիքում: 1976-80 սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինսիտուտում, իսկ 1981-1985-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: 1985-90-ին աշխատել է ՀՊՍՀ Պետմատում՝ որպես ավագ տնտեսագետ, ավագ մասնագետ, ֆինանսական ենթաբաժնի պետ: 1990-91-ին եղել է ՀԽՍՀ Պետմատի  ՛՛Հայէլեկտրամեքենամեծառ՛՛ հանրապետական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ:1991-1993-ին վարել է ՀՀ Պետմատ /ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն/ գլխավոր վարչության պետի պաշտոնը:

1993-96-ին եղել է ՀՀ նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ: 1996-97-ին ղեկավարել է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարության արտաքին առևտրի վարչությունը: 1997-1998թթ եղել է Արդյունաբերության և առևտրի նախարարի 1-ին տեղակալ: 1999-ից՝ ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարար:

 

2002-2007-ին՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար, 2007-ի մայիսից՝ ԱԺ պատգամավորմինչև 2014թվականը::  2014 թվականից ՀՀ Էկոնոմիկայի նախարար: 2003-ին  շնորհվել է Գարգառի  պատվավոր քաղաքացու կոչում:

 

 

Ճշմարիտյան Հայկ Յուրիի

 

Տնտեսագետ

 

Ծնվել է 1966-ի հոկտեմբերի 6-ին Ստեփնավանում՝ բնիկ գյառ-գյառեցի  Յուրի Հայկի Ճշմարիտյանի ընտանիքում: 1983-ին ոսկե մեդալով ավարտել է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը, իսկ 1987-ին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը:Ինստիտուտն ավարտելուց հետո որպես մասնագետ  աշխատել է թեթև արդյունաբերության ոլորտում: Եղել է Ստեփանավանի կարի ֆաբրիկայի տնօրեն, ապա՝ կառավարական կապի գծով  ,,Էլինետ,, ՍՊԸ  գործադիր տնօրեն:

 

2002-05-ին  ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարն էր:

 

 

Ճշմարիտյան Յուրիկ Աշոտի

 

Տնտեսական գործիչ

 

Ծնվել է 1935-ի ապրիլի 6-ին Գյառ-գյառում: 1957-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ուսանողական տարիներին եղել Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի դասախոսական խմբի անդամ:

1959-ին ավարտել է Լենինգրադի Էնգելսի անվան տնտեսագիտական ինստիտուտի ԽՍՀՄ գլխաավոր ապրանքագետների որակավորման բարձրացման մեկամյա կուրսը:

1965-77 աշխատել է  որպես ՛՛Հայառսարքավորում՛՛ համամիութենական բազայի կառավարիչի տեղակալ, միաժամանակ ուսումը շարունակել է Երևանի Պետական Համալսարանի ասպիրանտուրայում՝ քաղաքատնտեսություն մասնագիտությամբ: Նույն տարիներին համատեղության կարգով ԵՊՀ-ում դասավանդել է քաղաքատնտեսություն առարկան:

 

1977-79  թղեկավարել է Երևանի սովորողների հասարակական սննդի տրեստը, այնուհետև մինչև ԽՍՀՄ փլուզում աշխատել է ՛՛Հայառսարքավորում՛՛ արտադրական կոմբինատում որպես փոխտնօրեն: 1995 թվանին անցել է կենսաթոշակի:

 

 

Քալաշյան Խորեն Արտաշի

 

Պետական, տնտեսական աշխատող

 

Ծնվել է 1910-ի նոյեմբերի 10 Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում: Սովորել և ավարտել է Թիֆլիսի բանֆակը, Կոմունիստական համալսարանը, եղել է Գյառգյառի կոլտնտեսության հաշվապահ, գյուղսովետի նախագահ, ՀԽՍՀ Միկոյանի կուսակցական շրջկոմի պրոպագանդայիև ագիտացիայի բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար, սովետական առևտրի տեխնիկումի տնօրեն:

Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և զորացրվել:

Եղել է Բեյրութում, Արաբական Էմիրություններում,  Հունգարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում՝ որպես սովետական միության առևտրի ներկայացուցիչ:

 

Պատգևատրվել է ՛՛Պատվո նշան՛՛ շքանշաններով, մի շարք մեդալներով: ՍՄԿԿ անդամ է եղել 1931-ից:

 

 

Մահացել է 1973-ի նոյեմբերի 21-ին Երևանում:

 

Բալայան Գուրգեն Գեվորգի

 

Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող, ծաղրանկարիչ

 

Ծնվել է 1950-ի մայիսի 15-ին Վրաստանի Կիանեթի գյուղում բնիկ գյառգյառեցիների` կոշկակար Գևորգ Գալուստի Բալայանի և Շուշանիկ Շամիրի Շահինյանի ընտաիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կիրովականում, Մեսրոպ Մաշտոցի թիվ 15 դպրոցում, զուգահեռ սովորել է նաև  գեղարվեստի դպրոցում: Որպես երաժիշտ աշխատել է մշակույթի պալատում:Սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանում:

 

Ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի ֆակուլտետը /1984թ./: Աշխատել է ՛՛Պոլիգրաֆ՛՛ կոմբինատում ՝ որպես նկարիչ 1975-1977թթ, ,,Ոզնի,, երգիծաթերթում /խմբագիր 1981-ից/,  Հանրային ռադիոհեռուստաընկերության ,,Երգիծանք և հումոր,, ծրագրում՝ որպես խմբագիր 1995-1998թթ  և  այլն:  Հրատարակվել է  ,,Տարեգիրք,,  ,,Կամուրջներ,, ,,Նաև ծիծաղով պիտի հաղթենք,, բանաստեղծական և զվարճալի երգիծական ժողովածուներում: Հեղինակել է ,,Ծակող հուշեր,,  ,,Միամիտ մտքեր, Լոռվա կատակներ,,  ,,Բերանը մեծ չպետք է լինի գլխից,,  ,,Զվարճալի տոնավաճառ,, երգիծական ժողովածուները: Ձևավորել և խմբագրել է գրքեր, թերթեր, մասնակցել ցուցահանդեսների: ,,Ոզնու,, դափնեկիր է, Հայաստանի լրագրողների և Հայ գրողների միությունների անդամ:

 

Բալայան Վիկտոր Ռուբենի

 

 

Արձակագիր, լրագրող
Ծնվել է 1931-ին Ստեփանավանում՝բնիկ գարգառեցի Ռուբեն Բալայանի ընտանիքում:  1954-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և աշխատանքի անցել ՛՛Պիոներ կանչ՛՛ թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող:Այդ աշխատանքին զուգահեռ դասավանդել է Երևանի Հ.Աճառյանի անվան դպրոսում: 1958-ից աշխատանքի է անցել ՛՛ Ավանգարդ՛՛ թերթի խմբագրությունում, սկզբում՝ որպես բաժնի վարիչ, հետո՝ պատասխանատու քարտուղար: 1974-1976թթ  եղել է ,,Հայաստան,, հրատարակչության տնօրենը, 1976-ից՝ ,,Սովետական գրող,, հրատարակչության տնօրենը, այնուհետև եղել է ,,Հայֆիլմ,, ստուդիայի տնօրեն:

 

Վ. Ռ. Բալայանը սովետահայ արձակում դետեկտիվ ժանրի սկզբնավորողն է: Այդ ժանրի նրա ստեղծագործությունները մեծ ընդունելություն են գտել ընթերցողների լայն շրջանակներում:Երկու տասնյակից ավել գեղարվեստական գրքերի և ժողովածուների հեղինակ է, որոնցից են  <<Լույս և ստվեր,>> , <<Ճակատագիրը բախում է դուռը>> և այլն:Պարգևատրվել է ՛՛Աշխատանքային արիության համար՛՛ մեդալով, ՀԽՍՀ Գերագույն սովետի մի շարք պատվոգրերով, 1975-ին արժանացել Հայաստանի լրագրողների միության ՛՛Ոսկե գրիչ՛՛ մրցանակին:Մահացել է 1995-ի հունվարի 31-ին Երևանում, թաղված է Գարգառի գերեզմանոցում:

 

Դեմիրխանով Արեգ Սարգսի

 

Ճարտարապետ

 

Ծնվել է 1932-ի հունիսի 21-ին Նովոսիբիրսկում գարգառեցի Սարգիս Արամի Դեմիրխանյանի ընտանիքում: 1964-ից մինչև այժմ աշխատում է Կրասնոյարսկում, որտեղ էլ ծավալվել է նրա բեղմնավոր ստեղծագործական գործունեությունը, և որտեղ նա  հիմագլխավորում է  Ճարտարապետ Դեմիրխանովի ստեղծագործական արհեստանոցը:

Նրա հիմնական աշխատանքներից են  Ամուրսկ քաղաքի գլխավոր հատակագիծը, "Կրասնոյարսկ" հյուրանոցի կառուցումը, քաղաքի Խաղաղության հրապարակի կառուցումը: Կրասնոյարսկում հայ եկեղեցու 1700 ամյակի կապակցությամբ               Ա. Դեմիրխանովի նախագծով կառուցվեց Սիբիրի տարածքում առաջին և դեռևս միակ Հայ  առաքելական եկեղեցու տաճարը և այլն:

 

Նա Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ է, Ռուսաստանի արվեստների և ճարտարապետության և շինարարական ակադեմիաների թղթակից-անդամև այլն, Կրասնոյարսկի պատվավոր քաղաքացի, իսկ վերջերս ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանագրով նրան շնորհվել է ՌԴ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչում:

 

Քալաշյան Պատվական Լևոնի

 

Անասնաբույժ

 

Ծնվել է 1927-ի մայիսի 1-ին Գարգառում: 1953-ին նշանակվել է Կալինինոյի շրջանի գործկոմի գյուղվարչության գլխավոր անասնաբույժ: 1958-ին վերապատրաստում է անցել Մոսկվայի անասնաբուժական ակադեմիայում:

1965-ին նշանակվել է Ստեփանավանի շրջանի անասնաբուծական-անասնաբուժական սովխոզ-տեխնիկումի տնօրենի` արտադրական գծով տեղակալ: 1966-ին եղել է Ստեփանավանի շրջանի Պուշկինո գյուղի կոլտնտեսության նախագահ:

1968-ից, առանց արտադրությունից կտրվելու, սովորել է ասպիրանտուրայում և 1970-ին պաշտպանել է գիտական թեզ` ստանալով անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1975 թվականին նշանակվում է Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն: Իր բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է ,,Աշխատանքային կարմիր դրոշի,,  ,,Հոկտեմբերյան հեղափոխության,, շքանշաններով, ,,Անձնվեր աշխատանքի համար,,  հոբելյանական մեդալով և բազմաթիվ պատվոգրերով:

 

Մահացել է 1980-ի դեկտեմեբրի 12-ի Ստեփանավանում:

 

Ղափլանյան Հրաչյա Մկրտչի

 

Ռեժիսոր, դերասան, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

 

Ծնվել է 1923-ի նոյեմբերի 14-ին Գյառ-գյառում: 1940 թ. ավարտել է  Երևանի թատերական ուսումնարանը, որտեղ աշխատել է որպես դերասան, և ռեժիսոր մինչև 1952 թվականը: 1953-58 եղել է Երևանի Պատանի Հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1958-ին նա ստանձնել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսորի պաշտոնը, իսկ 1960-ին կրկին վերադարձել Պատանի Հանդիսատեսի թատրոն որպես ռեժիսոր, նաև`տնօրեն:1962-65-ին Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնում գլխավոր ռեժիսորն է եղել, իսկ 1965-ից հայկական թատերական ընկերության վարչության նախագահը: 1973-1975թթ  եղելէ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի  տնօրեն, իսկ 1977-1979-ին՝ նաև գլխավոր ռեժիսորը:Արժանացել է ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր արտիստի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչումների:  Որպես դերասան խաղացել է շուրջ վաթսուն դերեր: Հեղինակ է ,,Իմ ընկերները,, պիեսների ժողովածուի, բազմաթիվ բեմականացումների:   Մահացել է 1988-ի օգօստոսի 14-ին Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

 

Այսօր Երևանի դրամատիկական թատրոնը կրում է Հրաչյա Ղափլանյանի անունը:

 

Բալայան Գնունի Գուրգենի

 

Լրագրող

 

Ծնվել է 1950-ի հունիսի 30-ին Գարգառում: 1968-ին ընդունվել և 1974-ին ավարտել է Երևանի Պետական Համալսանի ժուռնալիստիկայի բաժինը:

Լրագրողական աշխատանքի ընթացքում աշխատակցել է Երևանի համալսարան շաբաթաթերթին, Գրքերի աշխարհ ամսաթերթին, 7 տարի աշխատել է Երեկոյան Երևան օրաթերթում:

Եղել է ՀՀ պաշտպանության նախարարության Հայ զինվոր շաբաթաթերթի հիմնադիրներից, գլխավոր խմբագրի տեղակալը:Զինուժ ծրագրով լուսաբանել է Ղարաբաղյան հերոսամարտի բազմաթիվ էջերը:Աշխատել է նաև ՆԳ նախարարության  ներքին զորքերում, ապա ,,02,, շաբաթաթերթում:

 

Ներկայումս աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատարանի նախագահների խորհրդի լրատվության և հասարակության հետ կապերի պատասխանատու, միաժամանակ ՀՀ դատավորների միության Օրինաթերթ ամսագրի գլխավոր խմբագիրն է:Լրագրողական հարյուրավոր հրատարակումների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների: Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է:

 

Ճշմարիտյան Հայկ Սեդրակի

 

Շրջանային թերթի խմբագիր

 

Ծնվել է 1912-ի հունվարի 22-ին Ստեփանավանի շրջանի Գյառ-գյառ գյուղում: Տարրական կրթությունը ստացել է ծննդավայրում, միջնակարգը` Ստեփանավանում: Սովորել է Ստեփանավանի անասնաբուժական տեխնիկումում, ավարտելուց հետո նշանակվել ենթաշրջանային գլխավոր մասնագետ-գյուղատնտես: Սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև` Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրայում և վերադարձել Ստեփանավան:  ՀԿԿ Ստեփանավանի շրջանային բյուրոնհաշվի առնելով գիտելիքների բազմազանությունն ու գրելու ձիրքը՝ նշանակել է նրան շրջանային թերթի խմբագիր:

 

 

1939-ին կամավոր մեկնել է բանակ, մասնակցել ֆիննական, ապա` Հայրենական Մեծ պատերազմներին: Զոհվել է 1941-ին:

 

Մուրադյան Արշավիր Սերգոյի

 

Թանգարանային գործիչ

 

Ծնվել է 1915-ի դեկտեմբերի 2-ին  Ստեփանավանի շրջանի Գյառգյառգյուղում:

1933-34թթ ստացել է ընդհանուր միջնակարգ կրթություն և պրոպագանդիստի որակավորում:1934-36թթ գործուղումով աշխատել է Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում որպես ուսուցիչ և ակումբի վարիչ: 1941-ի նոյեմբերից մեկնել է ռազմաճակատ և ծառայել գործող բանակում` որպես միջին հրամակազմի քաղղեկ, ապա` վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի օգնական` շարային գծով, ապա` գումարտակի հրամանատար:

1947-ի ապրիլից աշխատանքի է անցել Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանում` որպես տնօրեն, և այդ պաշտոնում մնացել մինչև կյանոի վերջ:                                     1952-57թթ սովորել և ավարտել է ՀՊՄԻ պատմության ֆակուլտետը:

Անձնվեր աշխատանքի շնորհիվ թանգարանը տնակից վերակառուցվել և դարձել է գեղեցիկ ու վեհ թանգարան-համալիր:Պարգևատրվել է ՀՄՊ 1-ին աստիճանի  2 շքանշաններով, մեդալներով , ինչպես նաև կառավարական պատվոգրերով:

 

Մահացել է 1995-ի դեկտեմբերի 2-ին: Թաղված է Գարգառի գերեզմանատանը:

 

Բալայան Արշալույս Սարգսի

 

Մանկավարժ

 

Ծնվել է 1917-ի մայիսի 25-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում՝ արհեստավորի ընտանիքում: 1935-ին ավարտել է Ղարաքիլիսայի մանկավարժական ուսումնարանը և աշխատանքի է անցել Ստեփանավանի շրջանի Կուրթան գյուղի դպրոցում` որպես ուսուցիչ:Այնուհետև աշխատել է  Վարդաբլուր գյուղի դպրոցում  նախ որպես ուսուցիչ, այնուհետև որպես տնօրեն:

1941-43-ին եղել է Ստեփանավանի շրջանի Ագարակ գյուղում միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ 1943-50-ին Գյուլագարակ գյուղի դպրոցի տնօրեն: 1950-54 աշխատել է Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում: 1954 թվականին տեղափոխվել է աշխատանքի  ք. Երևան և աշխատել տարբեր դպրոցներում:

Աշխատել է 65-րդ, Թելմանի և Թումանյանի անվան դպրոցներում:

 

Հայրենական պատերազմի տարիներին թիկունքում ծավալած կարևոր աշխատանքների համար արժանացել է հատուկ շնորհակալագրի:Իր բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է մեդալներով և բազմաթիվ պետական այլ պարգևներով:

 

 

Քալաշյան Հրայր Ավետիքի

 

 

Մանկավարժ

 

Ծնվել է 1910-ին  Գյառ-գյառում ՝  Ավետիք Քալաշյանի  ընտանիքում: 1926-ին մեկնել է Լենինական և ընդունվել տեղի գյուղատնտեսական տեխնիկումը: Ավարտելուց հետո աշխատել է նույն տեխնիկումում` որպես մասնագիտական առարկաների ուսուցիչ: 1933-35 ծառայել է սովետական բանակում: 1935-41-ին աշխատել է Լենինականի միջնակարգ հանրակրթական դպրոցում, նախ` որպես ուսուցիչ, ապա` ուսմասվար և տնօրեն, միաժամանակ շարունակել ուսումը Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: Եղել է ռազմաճակատում, Պարգևատրվել է „ Կարմիր աստղի“ 2 շքանշաններով, 3 մեդալներով: 1946-47-ին եղել է „Բանվոր“ օրաթերթի պատասխանատու խմբագիր:

 

Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման:

 

Մահացել է 1987-ի մայիսի 20-ին Լենինականում:

 

Դեմիրխանյան Ադոլֆ Միքայելի

 

Շախմատիստ

 

Ծնվել է 1940-ի հուլիսի 8-ին Երևանում, բնիկ գարգառեցու՝ Միքայել Դեմիրխանյանի ընտանիքում: Ընդունվել է Կ. Մարքսի անվան պելիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը և ավարտել այն` ստանալով էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մասնագիրությամբ ինժիների կոչում: 1972-75-ին սովորել է Պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում:

 

10 տարեկանից նա հետաքրքրվել է շախմատով, որը հետագայում դարձել է նրա երկրորդ մասնագիտությունը: 1958-ին դարձել է Հայաստանի պատանիների չեմպիոն, 1963-ին և 1966 դարձել է Երևանի կրկնակի չեմպիոն:

 

Վերջին տարիներին Դեմիրխանյանը դասավանդում է Երևանի Ճարտարագիտական Համալսարանում և սպորտի նախարարությանը կից շախմատի դպրոցում: Այս բնագավառում նա հասել է զգալի հաջողությունների` պատրաստելով Հայաստանի պատանի չեմպիոններ և մրցանակակիրներ:

 

Բալայան Վանյա Ռուբենի

 

Կուսակցական, տնտեսական գործիչ

 

Ծնվել է 1930-ի նոյեմբերի 10-ին Ստեփանավանի շրջանի Գարգառ գյուղում՝ բնիկ գյառգյառեցի Ռուբեն Բալայանի ընտանիքում: 1949-ին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ: 1958-1967 աշխատել է Կալինինոյի շրջանի գյուղատնտեսական տեսչությունում: Շուրջ 11 տարի`1975-86-ին եղել է  ՀԿԿ Ստեփանավանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարը: Նրա համառ ջանքերի շնորհիվ կազմվել է Ստեփանավան քաղաքիվերակառուցման գլխավոր հատակագիծը և մեծ կամրջի նախագիծը, որն էլ դարձել է նրա ոգեշնչման  առարկան և կյանքի վերջին ըղձալի նպատակը, նրա կարապի երգը:Ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի 10-րդ գումարման պատգամավոր, ՀԿԿ Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով:

Մահացել է 1996-ի դեկտեմբերի 15-ին Ստեփանավանում: Երիտասարդ ստեփանավանցիները նորակառույց կամրջի ձախ ափին հուշակոթող են կանգնեցրել` ի պատիվ իրենց հայրենակցի:

 

Ճշմարիտյան Յուրի Հայկի

 

Կուսակցական, պետական գործիչ

 

Ծնվել է 1940-ի հունվարի 21-ին Գյառ-գյառում՝ ծառայողի ընտանիքում:Գերազանցությամբ ավարտել է  Գյառ-գյառի 8-ամյա դպրոցը: 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտը և աշխատանքի է անցել Ստեփանավանի տեխնիկումում:

1985-ին ընտրվել է Ստեփանավանի շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահ,   1986-ին ՀԿԿ Ստեփանավանի շրջանային կոմիտեի 1-ին քարտուղար՝ աշխատելով մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:1989-ին ընտրվել է Խորհրդային Հայաստանի վերջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 1990-ին` Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր:Նրա կազմակերպչական ընդունակություններն առավելագույնս դրսևորվել են 1988-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ` փրկարարական և վերականգնողական աշխատանքներում:1996-ին հիմնադրել է „Լոռե“համալսարանը, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջ:

Պարգևատրվել է ՀԽՍՀ պատվոգրերով,Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհուրդը նրան շնորհել է ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում:Պարգևատրվել է նաև Նանսենի ոսկե հուշամեդալով:Մահացել է 2006-ի դեկտեմբերի 2-ին:

 

Ղափլանյան Տաթևիկ Հրաչյայի 

 

Դերասանուհի

 

 

Ծնվել է 1953-ի հունիսի 19-ին Երևանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի և ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի Էմմա Վարդանյանի ընտանիքում: 1960-70-ին սովորել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում,     1971-75 –ին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1970-ից  աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում: 1981-ին նրան շնորհվել է ՀԽՍՀ  վաստակավոր դերասանուհու պատվավոր կոչում: 1993-ին մեկնել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ շարունակել է դերասանական գործունեությունը:Նրա խաղացած տասնյակ դերերից է  Թագուհի Մարգարիտը  Շեքսպիրի ,,Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ,,-ում,   Թագուկը՝      Ե. Օտյանի  ,,Սեր և ծիծաղ,,-ում,  Ժաննա դ‘Արկ ՝Ա.Խանդիկյանի բեմադրությամբ ,,Ժաննա դ‘Արկ,, -ում,  Թերեզը՝ Հ. Օհանյանի բեմադրությամբ ,,Վայրի աղջիկ,,-ում և այլն:  Մահացել է ԱՄՆ-ում՝ 2010 թվականին:

 

Քալաշյան Սաշուր Հրայրի

 

Ճարտարապետ

 

Ծնվել է 1936-ին Լենինականումբնիկ գյառգյառեցի Հրայր  Քալաշյանի  ընտանիքում: 1953-ին, ավարտելով Լենինականի թիվ 14 միջնակարգ դպրոցը և Լենինականի քառամյա նկարչական դպրոցը, ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, որը 1959-ին ավարտելուց հետո աշխատել է Լենինականի քաղսովետի նախագծային բյուրոյում: 1961-76-ին աշխատել է „ Հայպետնախագիծ“ ինստիտուտում: 1976-1989թթ եղել է Լենինական քաղաքի գլխավոր  Ճարտարապետ: 11994-ից առ այսօր աշխատում է Երևանի „Հայնախագիծ“ բաժնետիրական ընկերությունում:Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ:

 

Ստեղծագործական առավել նշանակալի աշխատանքներից են Մեծ Եղեռնի հուշահամալիրը Երևանում, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի մասնաշենքի նախագիծը,ինչպես նաև Լենինականում „Կումայրի“ պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի հիմնադրումը, որի համար արժանացել է պետական մրցանակիև այլն:

 

 

Զալինյան Արշակ Գարեգինի

 

Կուսակցական և պետական գործիչ

 

 

Ծնվել է 1923-ի նոյեմբերի 14-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում: Պատերազմի և աշխատանքի վետերան, ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է ՀԿԿ ԿԿ-ին կից կուսակցական դպրոցը, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել է 1941-45-ի Հայրենական Մեծ Պատերազմին, փոխգնդապետ: 1947-ից անցել է կուսակցական աշխատանքի՝ Կիրովականի կուսշրջկոմի միասնական կուստոմսերի և հաշվառման սեկտորի վարիչ: Կուսակցական դպրոցն ավարտելուց հետո ՀԿԿ ԿԿ հատուկ բաժնի հրահանգիչ,ՀԿԿ ԿԿ միանական կուստոմսերի և կուսհաշվառման սեկտորի վարիչ: Պարգևատրվել է ՛՛Կարմիր դրոշի՛՛, ՛՛Հայրենական պատերազմի առաջին աստիճանի՛՛, ՛՛Պատվո նշան՛՛ շքանշաններով և 13 մեդալներով: Կուսակցական օրգաններում երկարամյա և ակտիվ աշխատանքի համար 3 անգամ պարգևատրվել է ՀԽՍՀ ՛՛Գերագույն խորհրդի նախագահության՛՛ պատվոգրով: Մահացել է 1999-ի դեկտեմբերի 5-ին Երևանում:

 

Զալինյան Գևորգ Գրիգորի

 

Պետական աշխատող

 

Ծնվել է 1917 նոյեմբերի 25-ին Գյառգյառում: ՍՄԿԿ անդամ 1946-ից: Պատերազմի և աշխատանքի վետերան: Ավարտել է երևանի պետական համալսարանի տնտեագիտական ֆակուլտետը; Եղել է Երևանի գյուղբանկի ֆինանսական բաժնի տեսուչ: Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Բանկից զորացրվելուց հետո Հայգյուղբանկի ֆինանսական բաժնի պետ, բանկի կառավարչի տեղակալ, ապա բանկի կառավարիչ, Հայաստանի առևտրի պալատի տնօրեն, Հայկուրորտառի տնօրեն, Հայտնտառ-ի կառավարիչ,  ,,Սոյուզպրոմվնեդրենիե,, համամիութենական միավորման հայկական մասնաճյուղի տնօրեն:

 

Պարգևատրվել է ՛՛Հայրենական Պատերազմի առաջին կարգի՛՛, ՛՛Կարմիր աստղ՛՛ շքանշաններով, 10 մեդալներով և բազմաթիվ պատվոգրերով:

 

Մահացել է 1985-ի դեկտեմբերի 28-ին, թաղված է Գարգառի գերեզմանատանը::

 

Զալինյան Վարշամ Գարեգինի

 

Խորհրդային  պետական և կուսակցական աշխատող

 

Ծնվել է 1920-ի նոյեմբերի 20-ին Գյառգյառ գյուղում: Պատերազմի և աշխատանքի վետերան: Արդարադատության ավագ խորհրդական: ՍՄԿԿ անդամ: Մասնակցել է հայրենական մեծ պատերազմին: 1946-ին բանակից զորացրվելուց հետո եղել է Կիրովականի մեքենատրակտորային կայանի կուսբյուրոյի ազատված քարտուղար: Կիրովականի ՛՛Կուսակցական՛՛ թերթի խմբագիր, ՛՛ Կայծակ՛՛ թերթի բաժնի վարիչ, Կիրովականի հացի գործարանի տնօրեն:

Անհատական թոշակի անցնելուց հետո Կիրովականի քաղսովետի բնակ-կենցաղային արտադրական վարչության պետի տեղակալ:1953-1984 թթ ընտրվել է Կիրովականի շրջանային , քաղաքային և Գուգարքի շրջանային կուսկոմիտեների պլենումների և բյուրոների անդամ, քաղաքային և շրջանային սովետների պատգամավոր:  Պարգևատրվել է ՛՛Կարմիր դրոշի՛՛, ՛՛Կարմիր աստղ՛՛, 2, ՛՛Հայրենական Պատերազմի առաջին աստիճանի՛՛, շքանշաններով, Խորհրդային և լեհական 12 շքանշաններով:

Մահացել է 1992-ի հուլիսի 29-ին՝ Կիրովականում:

 

Ճշմարիտյան Ժենյա Տելեմակի

 

 

Լեզվաբան

 

 

Ծնվել է 1928 մայիսի20-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում: 1945ն ոսկե մեդալով ավարտել  է Գյուլագարակի միջնակարգ դպրոցը, 1951-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1956-ին՝ ասպիրանտուրան: 1963-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:  Աշխատել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում՝ որպես ավագ դասախոս, Հեղինակ է ,,Դերբայական դարձվածը ժամանակակից հայերենում,, մենագրության, բազմաթիվ գիտական հոդվածների՝ նվիրված ժամանակակից հայոց լեզվի քերականությանը: ,,Հայ բարբառագիտության գործնական աշխատանքների ձեռնարկ,, դասագրքի համահեղինակ է: Մահացել է 1986-ի փետրվարի 9-ին Երևանում, թաղված է Գարգառում:

 

Ճշմարիտյան Ջուլիետա Հայկի

 

Քիմիկոս

 

Ծնվել է 1937 նոյեմբերի20-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում: 1959ն գերազանցության դիպլոմով  ավարտել  է Երևանի Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և անցել աշխատանքի նույն ֆակուլտետին կից պրոբլեմային լաբորատորիայում՝ որպես լաբորանտ, ապա ավագ լաբորանտ, հետագայում կրտսեր գիտաշխատող: 1970 թվականից աշխատում է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնում:  Ջ. Ճշմարիտյանը քիմիական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

 

 

Ճշմարիտյան Սամվել Սերգեյի

 

 

Հոգեբան

 

Ծնվել է 1952 դեկտեմբերի10-ին  Երևանում՝ գյառգյառեցի Սերգեյ Արամայիսի Ճշմարիտյանի ընտանիքում:Ավարտել է Վ.Բրյուսովի անվան  ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը: Եղել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի թղթակից: Ավարտել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրան, պաշտպանել թեկնածուական թեզ: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության  և իրավունքի ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող, այնուհետև գիտքարտուղար: Շուրջ 70 գիտական հոդվածների , 3 գրքի , 1 դասագրքի և 1 ուսումնական ձեռնարկի հեղինակ է, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտական համաժողովների, ավելի քան տասնյակ միջազգային գիտական կազմակերպությունների անդամ / Հոգեբանների միջազգային խորհուրդ, Ամերիկյան հոգեբանական ասոցացիա, Նյու-Յորքի ակադեմիա և այլն/:

 

 

Ասատրյան Նունե Գրիգորի 

   

 

Հոգեբան

 

Ծնվել է 1962 հոկտեմբերի04-ին  Երևանում՝ գյառգյառեցի  փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ջուլիետա Ճշմարիտյանի ընտանիքում: 1986-ին ավարտել է Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, ստացել բուժական գծով բժշկի որակավորում: 1988-ին աշխատել է ՀՀ ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 1993-ից՝ որպես նյարդաբան: 1997 թվականից դասավանդում է Երևանի Պետական բժշկական համալսարանում: Ն. Ասատրյանը բժշկական գիտությունների թեկնածու է, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի թղթակից-անդամ/1997/, նույն ակադեմիայի խմբագրական –հրատարակչական խորհրդի անդամ/1997/: