Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ Գարգառի հոգեւոր կյանքի զարկերակ

 

Սուրբ Հովհաննես եկեղեցին, որ կառուցվել է 19-րդ դարում, Գարգառ գյուղի հոգեւոր կենտրոնն է եւ տեսարժան վայրերից մեկը: Եկեղեցու կառույցը նախ եղել է փայտաշեն, ապա հրդեհից հետո՝ 1907 թ., վերակառուցվել է քարով: Եկեղեցին 20-րդ դարում նաեւ վերանվանվել է՝ Սուրբ Աստվածածին անվան փոխարեն ստանալով Սուրբ Հովհաննես անվանումը:


Եկեղեցին գտնվում է Յամաջ սարի լանջին, բարձրադիր է եւ տեսանելի գյուղի բոլոր հատվածներից: Այն գյուղացիների սիրած ուխտատեղիներից է եւ մոմավառության համար բաց է կիրակի օրերին: Այստեղ նշվում են հոգեւոր բոլոր տոները՝ Սուրբ Զատիկ, Խաչվերաց տոն, Խաղողօրհնեք, Տյառնընդառաջ եւ ալն, ինչպես նաեւ կատարվում են հոգեւոր ծեսեր՝ մկրտություն եւ պսակադրություն:


Եղանակային պայմանների ազդեցությամբ վերջին տարիներին եկեղեցու գմբեթը քայքայվել էր, ներթափանցող անձրեւաջրերից խարխլվել էին պատերը. անհրաժեշտ էր նորոգել եկեղեցին: 2014 թ. Գարգառում Զարգացնենք Հայաստանը միասին ծրագիրն իրականացնող “Լույսի” ուսանողների ջանքերով սկսվեց դրամահավաքի արշավ եկեղեցու վերանորոգման աշխատաների համար: Նախաձեռնության շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ մշակութային բարեգործական փառատոն, համագյուղական տոնավաճառ, որի ընթացքում վաճառքի էին հանվել գյուղի երեխաների ձեռագործ աշխատանքները, պահածոներ եւ այլն: Դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարն ուղղվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկեցին 2016 թ. գարնանը, եւ այժմ ընթանում են տանիքի վերակառուցման աշխատանքները:


Եկեղեցու վերանորոգման գործն ամբողջովին ավարտին հասցնելու համար գարգառցիները մտադիր են այլ նախաձեռնություններ իրականացնել՝ բարեգործական միջոցառումներ, միջհամայնքային փառատոներ, ինչպես նաեւ այլ ծրագրեր: Սուրբ Հովհաննես եկեղեցին գարգառցիների համար հոգեւոր կյանքի զարկերակն է, եւ վերջինիս վերակառուցումն առաջնային նպատակ է մեզանից յուրաքանչյուրի համար:

 

Նյութի և լուսանկարների հեղինակ` Գարգառի դպրոցականներ



Գործընկերներ

  • ashtarak_kat.jpg
  • undp.jpg
  • luys.png
  • wfp.png
  • word_vision.jpg
  • heifer.jpg